Լուի Վիտոնը ծնվել է 1821 թվականին Ժուրայի Անշե քաղաքում։ Դեռևս մանկության տարիներին նա սովորել է օգտագործել իր հոր ատաղձագործական գործիքները։ 13 տարեկանում Լուին լքում է տունը և, երկու տարում ոտքով անցնելով 400 կիլոմետր, հասնում է Փարիզ։ 1837 թվականին նա աշխատանքի է ընդունվում ճանապարհորդական պայուսակներ պատրաստող վարպետի մոտ։ Այն ժամանակ ճամպրուկներ դեռևս չկային։ Դրանք նախագծեց և ստեղծեց ինքը Լուին։ Նրա առաջարկած ճամպրուկները հեղաշրջում կատարեցին ոչ միայն նորաձևության ոլորտում, այլև ամենուր։ 1854 թվականին նա հիմնադրեց իր առևտրի տունը։

 

Նրա երեխաները շարունակեցին հոր գործը։ Ժորժ Վիտոնը գլխավորեց ընկերությունը 1892 թվականին։ Հենց նա ստեղծեց բոլորի կողմից ճանաչված Louis Vuitton մոնոգրամը։ Ժորժը նաև ստեղծեց այդ ապրանքանիշի առաջին պայուսակը։ Այն կարված էր վշից և ի սկզբանե նախատեսված էր կեղտոտ սպիտակեղենը ճամպրուկում պահելու համար։ 1936 թվականին ընկերությունը գլխավորեց Գաստոն Լուի Վիտոնը։

 

1998 թվականին Louis Vuitton-ը ծավալում է իր գործունեությունը և շուկայում իր համար նոր՝ նորաձևության դաշտ է դուրս գալիս, ինչը որոշիչ դեր է խաղում ընկերության ուղղվածության փոփոխության մեջ։ Ընկերության գեղարվեստական նոր ղեկավարի՝ Մարկ Ջեյկոբսի հետ, հայտնվում են շրջազգեստների, կոշիկների, աքսեսուարների և ոսկերչական իրերի բաժիններ։ Այսօր Louis Vuitton-ը ներկայացված է ավելի քան 53 երկրներում։