Հայկական հարցը Սան Ստեֆանոյի պայմանագրում և Բեռլինի կոնգրեսում

Հայկական հարցը Արևմտյան Հայաստանի Օսմանյան կայսրության տիրապետությունից ազատագրվելու, միացյալ պետություն ստեղծելու հայ ժողովրդի մղված ազգային-ազատագրական պայքարի անվանումն է, որը որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս Հայկական հարց անունով հայտնվում է միջազգային դիվանագիտության կիզակետում 1877-1878-ի ռուս-թուրքական պատերազմից հետո։

Հայկական հարցը Սան Ստեֆանոյի պայմանագրում

1878 թվականի փետրվարի 19-ին կնքված Սան-Ստեֆանոյի պայմանագրում արծարծվեց նաև Հայկական հարցը։ Պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի կողմից կոմս Ն. Իգնատևի ու Ա. Նելիդովի, Թուրքիայի կողմից՝ Սավֆետ փաշայի ու Սահադուլլահ բեյի կողմից։ Սան Ստեֆանոյի պայմանագրում մտցվեցին առանձին հոդվածներ ու ձևակերպումներ, որոնք վերաբերում էին Հայաստանին ու հայերին։ Հայերին էր վերաբերում 16-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները

  • Բարձր դուռը պարտավորվում էր Արևմտյան Հայաստանում ռուսների գրավված և կրկին Թուրքիային վերադարձվելիք տարածքներում անհապաղ բարեփուխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։ (16-րդ)
  • Ռուսական զորքերին իրավունք էր տրվում 6 ամիս ժամկետով մնալ Հայաստանում։ (25-րդ)
  • Թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսներին աջակցած քրիստոնյաներին։ (27-րդ)

Պայմանագրի համաձայն.՝

  • Չերնոգորիան, Սերբիան և Ռումինիան անկախ էին ճանաչվում
  • Ռուսաստանին էին անցնում Կարսի, Կաղզվանի, Օլթիի, Արդահանի, Ալաշկերտի և Բայազետի  գավառները, Սև ծովի առափնյա շրջանները՝ Բաթում նավահանգստով
  • Օսմանյան կայսրության տիրապետության տակ էին շարունակում մնալ Էրզրումն ու Բասենը։

Հայկական հարցը Բեռլինի կոնգրեսում

Բեռլինի վեհաժողովը տեղի է ունեցել 1878 թ-ի հունիսի 13-ից հուլիսի 13-ը, որտեղ առաջին անգամ միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել Հայկական հարցը՝ որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս։ Բեռլինի պայմանագրում հայերին էր վերաբերում 61-րդ հոդվածը.՝

  • Թուրքական կառավարությունը պարտավորվում է բարեփոխումներ անցկացնել հայկական տարածքներում, ապահովել հայերի անվտանգությունը.

«Բարձր Դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն ու բարենորոգումները և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից: Բարձր Դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերությունները կհետևեն դրանց կիրառմանը»:

Սան-Ստեֆանոյի պայմանագիրը մեծապես ուժեղացնում էր Ռուսաստանի դիրքերը Բալկաններում և Մերձավոր Արևելքում: Այս հանգամանքը չէր բխում եվրոպական մեծ տերությունների շահախնդրություններից, որոնք անհապաղ միջոցներ ձեռնարկեցին Ռուսաստանին զրկելու ձեռք բերած նվաճումներից: Անգլիայի և Ավստրո-Հունգարիայի անզիջում դիրքորոշումը հնարավոր էր դարձնում նույնիսկ պատերազմի բռնկում նրանց և Ռուսաստանի միջև: Եվ քանի որ վերջինս պատրաստ չէր պատերազմի, ուստի համաձայնվեց միջազգային կոնգրես հրավիրելու և կնքված հաշտության պայմանագիրը վերանայելու առաջարկներին: Նախատեսվեց նոր կոնգրեսը հրավիրել Բեռլինում: Կ. Պոլսի հայ հասարակական շրջանները որոշեցին մի պատվիրակություն ուղարկել Եվրոպա՝ Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ, որն այնտեղ պաշտոնապես ներկայացնելու էր «հայ ազգի ցանկություններն ու ձգտումները»:

Պատվիրակությունը կոնգրեսին էր ներկայացնելու մի խնդրագիր, որի բովանդակությունը հետևյալն
էր.

  1. Հայերի դրության բարելավման հարցը վերցվում էր Ռուսաստանից և տրվում եվրոպական 6 տերություններին (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ավստրո-Հունգարիա, Իտալիա):
  2. Հայկական գավառները պետք է համախմբվեին մեկ ընդհանուր նահանգի մեջ, որը կառավարվելու էր քրիստոնյա կառավարչի (նախընտրելի էր հայ) կողմից` հինգ տարի ժամանակով:
  3. Սահմանվելու էր դավանանքի ազատություն, կազմվելու էին քրեական և քաղաքացիական նոր օրենսգրքեր:
  4. Վարչական և դատական հիմնարկներում պետք է ապահովվեր քրիստոնյաների և մահմեդականների հավասարաչափ մասնակցության իրավունքը:
  5. Հայերենը, թուրքերենի հետ հավասարաչափ, գործածության մեջ էր դրվելու և դառնալու էր պաշտոնական լեզու:

Հետաքրքիր է, որ Անգլիան խրախուսեց պատրիարքին հայկական պատվիրակություն ուղարկելու Բեռլին: Այս ճանապարհով նա փորձում էր սեպ խրել հայերի և ռուսների միջև և, ի վերջո, ձախողել հայերի պահանջները, իսկ Հայկական հարցն ամփոփել իրենց մտադրությունների շրջանակներում: Եվ դա նրան հաջողվեց: Նախքան Բեռլին հասնելը հայկական պատվիրակության անդամները եղան Հռոմում, Փարիզում, Լոնդոնում, Ս. Պետերբուրգում, հանդիպումներ ունեցան քաղաքական, դիվանագիտական շրջանակների հետ, որոնք խոստացան կոնգրեսում պաշտպանել հայերի դատը: Սակայն վեհաժողովի նախօրյակին Անգլիան՝ Թուրքիայի հետ կնքած գաղտնի պայմանագրով ստացավ Կիպրոս կղզին և պարտավորվեց ամեն կերպ վեհաժողովում պաշտպանել նրա շահերը։ Հայ պատվիրակների բոլոր փորձերը մասնակցելու Կոնգրեսին մերժում ստացան, ուստի նրանք ստիպված էին բավարարվել միայն մասնակից երկրների պատվիրակների հետ առանձին հանդիպումներով:

Բեռլինի կոնգրեսում վերանայվեցին Սան Ստեֆանոյի պայմանագրի համարյա բոլոր դրույթները, այդ թվում և Հայկական հարցին վերաբերող 16-րդ հոդվածը: Հատկանշական է, որ 61-րդ հոդվածում Հայաստան անվանումը այլևս չէր հիշատակվում, այլ օգտագործվում էր «հայաբնակ մարզեր» անորոշ արտահայտությունը: Իսկ թե որո՞նք էին այդ մարզերը և ի՞նչ բնույթի էին լինելու բարենորոգումները, այդ մասին ոչինչ չէր ասվում:

Ճնշված ու վհատված Մ․ Խրիմյանը վերադառնալով Կ. Պոլսից՝ Բեռլինի վեհաժողովը նմանեցրեց  հարիսայով լի կաթսայի, որտեղից տարբեր ազգերի ներկայացուցիչները երկաթե շերեփներով վերցնում տանում են իրենց հասանելիքը, իսկ հայերը ներկայացել են թղթե շերեփով:

Նա իր խոսքերով ողջ հայության մոտ այն գիտակցությունն էր ուզում արթնացնել, որ ազատությունը  ձեռք է բերվում ոչ թե խնդրագրերի, այլ երկաթե շերեփի՝ զինված պայքարի գնով: Պատահական չէ, որ 1878թ. հետո հայ ազատագրական շարժումը թևակոխեց իր զարգացման նոր՝ զինված պայքարի փուլը:  Պատմությունն ապացուցեց, որ  թուրքական արյունոտ բռնակալությունից հայ ժողովրդի փրկության միակ հնարավորությունը զիված պայքարն է: Բռնության առջև չպետք է խոնարհվել, այլ միասնական ուժերով պայքարի նետվել, և այդ ճանապարհով հաստատել գոյության ու անկախության իրավունքը:

Այսպիսով, Բեռլինի կոնգրեսում Հայկական հարցը դուրս բերվեց Թուրքիայի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ոլորտից և դրվեց միջազգային դիվանագիտության սեղանին: Բեռլինի կոնգրեսը ճակատագրական նշանակություն ունեցավ Հայկական հարցի համար: Հայ ժողովրդի մեջ զգալիորեն պակասեց հավատը Եվրոպայի նկատմամբ։ Հուսախաբ լինելով դիվանագիտական ուղիներով այն լուծելու հեռանկարից հայ գործիչները թուրքական բռնակալությունից իրենց ժողովրդի ազատագրվելը կապեցին հեղափոխական պայքարի հետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *