Վանի ինքնապաշտպանությունը

1915 թ. սկզբին Արևմտյան Հայաստանի վիլայեթներում բռնկված կոտորածների ալիքը հասնում է Վանի նահանգ: Կովկասյան ճակատում պարտություն կրած թուրքական զորքերը (թվով շուրջ 12,000), նրանց միացած քրդական անկանոն ջոկատներն ու չերքեզական հեծելազորը Վանի նորանշանակ կուսակալ Ջևդեթ բեյի հրամանատարությամբ սկսում են նահանգի հայ բնակչության կոտորածները, թալանն ու ավերածությունները: Մի շարք գավառներում (Շատախ, Հայոց ձոր, Արճեշ, Թիմար, Ալջավազ և այլն) հայերը դիմում են ինքնապաշտպանության` համառ մարտեր մղելով թշնամու դեմ:

Երկարատև ու համառ դիմադրություն է ծավալվում նահանգի կենտրոն Վան քաղաքում, որտեղ բնակվող շուրջ 23 հազար հայերին միանում են նաև շրջակա գյուղերից փախած հազարավոր հայեր: Տեղի հայկական կուսակցությունները` Արամ Մանուկյանի գլխավորությամբ, սթափ գնահատելով իրավիճակը և խուսափելով վերահաս բնաջնջումից, ժողով են գումարում` որոշելով դիմել ինքնապաշտպանության:

Կազմվում է ինքնապաշտպանական մարմին (անդամներ` Արամ Մանուկյան, Արմենակ Եկարյան, Գաբրիել Սեմիրջյան, Կայծակ Առաքել, Բուլղարացի Գրիգոր (Կյոզյան), Հրանտ Գալիկյան, Փանոս Թերլեմեզյան):

Հիմնական մարտերը ծավալվում են քաղաքի երկու հայաբնակ հատվածներում` Այգեստանում և Քաղաքամեջում: Ապրիլի 7-ին թուրքերի ձեռնարկած առաջին գրոհը հաջողությամբ հետ է մղվում. հայերը հրդեհում են Վանում թուրքական զորքի կարևոր ամրություններն ու կենտրոնները: Հաշվի առնելով թուրքերի թվական գերակշռությունը` Այգեստանի զինվորական խորհուրդն ընտրում է պաշտպանական մարտավարություն: Ապրիլի վերջին թուրքերն անցնում են լայն հարձակման: Ռմբակոծվում են Այգեստանի ռազմական դիրքերը, դպրոցներն ու եկեղեցիները: Մեկ օրվա ընթացքում թուրքերն օգտագործում են 400 ռումբ: Վանի տարբեր հատվածներում փոփոխակի հաջողություններով կատաղի մարտեր են ընթանում, որոնց ակտիվ մասնակցություն են ունենում բազմաթիվ հայ պատանիներ, կանայք ու աղջիկներ:

Ապրիլի վերջին նկատվում է ռազմամթերքի ու սննդի խիստ պակաս: Քաղաքի պաշտպանները մի քանի անգամ սուրհանդակներ են ուղարկում ռուսական բանակ` օգնության խնդրանքով: Թուրքական անընդմեջ հարձակումները զուգորդվում են քաղաքի շրջակա գյուղերի հայության զանգվածային կոտորածներով, որոնց զոհ է դառնում շուրջ 24,000 մարդ, թալանվում և հրդեհվում է ավելի քան 100 հայկական գյուղ:

Վանի ինքնապաշտպանությունն ունենում է հաղթական ավարտ: Մայիսի 5-ին քաղաք է մտնում հայ կամավորական հեծելազորը` Խեչոյի (Խաչատուր Ամիրյան) և Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ: Մայիսի 6-ին Վան է մտնում նաև ռուսական զորաջոկատը: Քաղաք հասած ռազմական օգնության շնորհիվ թուրքական զորքը փախուստի է դիմում: Վանն ազատագրվում է: Արամ Մանուկյանը նշանակվում է Վանի նահանգապետ:

Շուրջ մեկ ամիս տևած դիմադրության ընթացքում թուրքական կորուստները կազմում են մոտ 1,000 զինվոր և սպա, հայերը տալիս են մոտ 350 զոհ:

Վանի ինքնապաշտպանությունը հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի փառավոր էջերից է: Այն տասնյակ հազարավոր հայերի հնարավորություն տվեց փրկվելու անխուսափելի բնաջնջումից` բացառիկ օրինակ ծառայելով այլ շրջանների հայության համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *